Գևորգյան Վիգեն Տիգրանի
Ծնվել է 2001թ. հունվարի 1-ին Արագածոտն մարզի Թալին քաղաքի Ակունք գյուղում։ 2006 թվականին սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, ապա 2015 թվականին տեղափոխվել ավագ դպրոց, որտեղ էլ ավարտել է ուսումը 2018 թվականին։
2018 թվականին ընդունվել և 1 տարի սովորել է ՃՇՀԱՀ Կառավարման և Տեխնոլոգիայի ֆակուլտետում։
2019թ. հուլիսի 24-ին զորակոչվել է բանակ, ծառայության անցնելով Մարտունի 3 զորամասում, որպես նռնականետի (AGS) նշանառու։
ՍԵպտեմբերի 22-ից առողջական խնդիրների պատճառով գտնվել է Մուրացան հոսպիտալում՝ սեպտեմբերի 29-ին չսպասելով դուրս գրման, շտապել է առաջնագիծ միանալու ընկերներին։
Սկզբում Մարտունիում, ապա՝ Ջրականում են ուժեղ կռիվներ մղել, որից հետո նորից վերադարձել են Մարտունի, որտեղ էլ հրաման է գալիս, որ պիտի ՀԱՆ-17 մեկ հաշվարկ գնա Հադրութի Տող գյուղ։ Մի քանի օր շարունակ դիմակայելուց հետո նահանջ հրամանով Հադրութից դեպի Մարտունի վերադառնալու համար Վիգենն ու իր մարտական ընկերները ոտքով 80 կմ ճանապարհ են անցնում՝ անտառների, սարերի միջով, ծանր զենքերը քարշ տալով, սակայն ճանապարհին մոլորվում են ու ընկնում շրջափակման մեջ։ Երեք օր անց մոտակա գյուղից նրանց կարողանում են գտնել ու դուրս բերել շրջափակումից։ Նոյեմբերի 2-ին հրաման է գալիս, որ պիտի բարձրանան Կողակ կոչվող սարի վրա։
Օր օրի ավելի թեժացող կռիվը իր հետ ավելի է ուժեղացնում Վիգենի ոգին, որը փաստում են իր մարտական ընկերները։ Նրանց խոսքով Վիգենն է ամեն ինչ կազմակերպել կռվի ժամանակ՝ չլինելով ոչ սերժանտ, ոչ հրամանատար։ Ամբողջ անձնակազմը իրեն է ենթարկվել, սիրել ու հարգել, շատ պահանջկոտ է եղել, միշտ ասել է, որ ուշադիր լինեն, հակառակորդի ցանկացած շարժի մասին իրեն առաջինը տեղյակ պահեն։ Ամբողջ գիշեր չքնելով և զգոն լինելով, վտանգի դեպքում առաջինը ինքն է կռիվ տվել, ապահովել տղաների անվտանգությունը։
Նոյեմբերի 7-ին Վիգենն ու իր մարտական մի քանի ընկերները գնում են պահելու սարի մյուս՝ աջ թևը, որտեղ թուլացած է եղել ուժը։ Սակայն զինակից ընկերներին օգնելու ժամանակ, չհասցնելով անձամբ դուրս գալ խրամատից, Վիգենը զոհվում է տանկի արկի պայթյունից։ Կողակ բարձունքի համար մղվող պայքարում Վիգենն ու իր տասը մարտական ընկերները հերոսաբար իրենց կյանքը նվիրում են հայրենիքին։ Սակայն մահվանից միայն 45 օր հետո նրանց մարմինները դուրս բերեցին բարձունքից՝ բեկորային, մահացու վնասվածքներով և կոտրվածքներով։
Աճյունը ամփոփվել է դեկտեմբերի 24-ին Թալին քաղաքում գտնվող հերոսների պանթեոնում։
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Վիգեն Գևորգյանը հետմահու պարգևատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով և <<Մարտական Խաչ>> 1-ին աստիճանի շքանշանով։