Երեքշաբթի, Դեկտեմբերի 03, 2024
Երեքշաբթի, Դեկտեմբերի 03, 2024
Դավիթ Յակովլև

Դավիթ Յակովլև

2001-06-18 - 2020-10-26

Դավիթ Յակովլև 

Ծնվել է 2001թ. հունիսի 18-ին Երևանում։

2019թ. ավարտել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլետը:

Զորակոչվել է 2019թ. հուլիսի 19-ին։

Լուսակերտի զորամասում գերազանց հանձնելով քննությունները՝  կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևը  դարձել է հրետանային ինքնագնաց կայանքի (САУ)-ի հրամանատար։ 

Մաթեմատիկական մտածողությունը Դավիթի մոտ նկատելի էր փոքր հասակից։

Բազմաթիվ անգամներ մասնակցել է տարբեր օլիմպիադաների, շահել մրցանակներ։ 

13-14 տարեկան Դավիթը Թումո ստեղծագործական կենտրոնի ռոբոտիքսի հաղթող թիմերից մեկի ղեկավարն էր։ 

Մինչ դպրոցն ավարտելը հասցրել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում ավարտել C# մակարդակ 2 և «Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում» դասընթացները՝ լինելով միակ դեռահասը։

Ինսթիգեյթ ուսումնական կենտրոնում յուրացրել է ծրագրավորման Scratch և Turtle լեզուները: Գերազանց տիրապետում էր HTML, CSS, C#, PHP, MySQL, JavaScript ծրագրերին, առաջին մրցանակի է արժանացել API-ի միջոցով կայքերի ստեղծման մրցույթում։ 

2017-2018թթ. Ուսմանը զուգընթաց, ազատ գրաֆիկով աշխատում էր Web ծրագրավորման ոլորտում՝ ընդունելով կայքերի պատրաստման պատվերներ։ 

Նրա ստեղծած և Youtube-ում տեղադրած բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ խաղեր, մեծ հավանումներ էին ստանում։

Դպրոցն ավարտելուց հետո Հայ-ամերիկյան համալսարանում ամենաբարձր միավորով մաթեմատիկայի քննություն հանձնեց։ Հետո որոշեց, որ ՏՏ լավ մասնագետ դառնալու համար ավելի ճիշտ է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն ընդունվելն ու մագիստրատուրան աշխարհի լավագույն համալսարաններից մեկում անցնելն է։ Որոշեց ու ընդունվեց։

Դավիթը գիտեր, թե ինչի է ձգտում ու հստակ քայլերով գնում էր այդ ճանապարհով։

Պլանավորում էր իր թե՛ ապագա կյանքը, թե՛ օրվա անելիքները։ 

Նրա ամեն օրն իր երազանքին հասնելու մի քայլ էր։

Դավիթի բոլոր, այդ թվում՝ զինակից ընկերները, նրան հարգում ու սիրում էին։ Այդպես էլ մինչև վերջ մնաց համախմբող ու կազմակերպող, բոլորի մասին հոգացող՝ душа компании...

Դավիթի մոտ ընդգծված էին երեք հատկանիշներ՝ առաջնորդ լինել, պարտության հետ չհամակերպվել, իրեն վստահված գործը գերազանց կատարել...

 Ամեն ինչ արեց, որ իր կատարած յուրաքանչուր գործ անթերի լինի և իր անցած ճանապարհը միշտ հաղթանակներով պսակվի։

Այդպիսին մնաց Դավիթը նաև հայրենիքի պաշտպանության ժամանակ։

Մարտական ընկերների հավաստմամբ ամբողջ գունդն էր խոսում այն օպերացիայի մասին, որի ընթացքում կրտսեր սերժանտ, դասակի հրամանատարի տեղակալ, Հրետանային ինքնագնաց կայանքի (САУ)-ի հրամանատար Դավիթ Յակովլևն ինչ կարևոր դերակատարություն է ունեցել։ 

Դավիթի վերջին, վեցօրյա թեժ մարտը Մարտունիի կետերից մեկում էր։  Իմանայլով, որ Շեխերում գաղտնի, հատուկ գործողություն է պատրաստվում, Դավիթն ինքն է պահանջում մասնակցել դրան։ «Էնտեղ լավ հաշվարկի կարիք կա։ Ես տղաներին էնտեղ շատ եմ պետք...»։ 

Հոկտեմբերի 19-ից Շեխերում էր։ Նրա մաթեմատիկական փայլուն գիտելիքների շնորհիվ կատարված ճշգրիտ հաշվարկներով ոչ միայն արագ ու անվրեպ ոչնչացվում էին թիրախները, այլև օգնում էր նաև մարտկոցի մյուս երեք САУ-ների հաշվարկները կատարելուն։ 

Այդ ժամանակ Մարտունի 2-րդի աջ թևում իրավիճակը ծանր էր։ Ճեղքումներ կային, և թշնամու առաջխաղացումը կանխելու նպատակով տեղի մարտերը ղեկավարող Արցախի հերոս, գնդապետ Սերգեյ Շաքարյանն ու ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը լրացուցիչ օգնություն են խնդրել։ Այդ նպատակով որոշվել է Իվանյանի զորամասից 4 САУ ուղարկել։ Դրանցից մեկը ղեկավարել է Դավիթը։  

19-ամյա հերոս Դավիթ Յակովլևը իր զորամասի մարտկոցի 11 ընկերների և հրամանատարի հետ նահատակվեց միևնույն օրը՝ 2020թ. հոկտեմբերի 26-ին հանուն Հայրենիքի շատ կարևոր օպերացիա իրականացնելիս։  

Դավիթ Յակովլևի ՀԵՐՈՍԱԿԱՆ Մարտական ուղու մասին զորամասի հրանամատար, գնդապետ Թ.Հայրապետյանը գրում է.

«Կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն առօրյա գործունեության ընթացքում ի ցույց էր դնում իր նվիրումը՝ Հայրենիքին ծառայելու անմնացորդ առաքելությունը, օրինակ էր հանդիսանում յուրաքանչյուրին, հոգատար և սիրալիր էր իր ենթակաների նկատմամբ։ Բարեխիղճ ծառայության համար հրամանատարության կողմից բազմիցս խրախուսվել է գերատեսչական պատվոգրերով։ 

2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում հմուտ եւ գրագետ ղեկավարել է իր ենթակա հաշվարկը, իր անմնացորդ նվիրումն ունեցել՝ որպես մեր ժամանակների մարտիկ, հրամանատար, իր գործի գերազանց գիտակ։ 

Նա առաջիններից էր, որ մասնակցեց Մարտունու, Հադրութի, Շեխերի ուղղություններում ընթացող հակահարձակողական մարտերին, որի ընթացքում ոչնչացրել է հակառակորդի 2 միավոր տանկ, զրահափոխադրիչ տեխնիկա՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ։ 

Հմտորեն ղեկավարելով և առաջնորդելով իր ենթակա անձնակազմը՝  նա հակառակորդին բազմաթիվ կորուստներ պատճառեց, այնուհետև վերախմբավորվելուց և զինամթերքի լիցքավորումից հետո կրկին անցել է հակագրոհի և իրեն կցված հրետանային ինքնագնաց կայանքի կրակով ապահովել շրջափակման մեջ մնացած յուրային զորքերի նահանջը…

Նրա նպատակը մեկն էր՝ հաղթել թշնամուն։ Շեխեր գյուղի մարտական գործողությունների ժամանակ նա տվեց ամենաթանկը՝ կյանքը, հանուն մեր ապագա սերունդների արժանապատիվ կյանքի և հանուն իր երկրի խաղաղ ապագայի։ 

Կրտսեր սերժանտ Դավիթ Արմանի Յակովլեւը հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, ինչպես նաեւ պատերազմական գործողությունների ընթացքում կատարած բացառիկ սխրագործությունների համար ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է մարտական ծառայության և ԱՐԻՈւԹՅԱՆ մեդալով»։

Բազում երազանքներ անկատար թողած՝ անվերջ շտապող Դավիթն անմահացավ՝ հավերժ մնալով 19 տարեկան... 

 

https://www.youtube.com/watch?v=ysidvxV3yT0 

https://www.youtube.com/watch?v=b3dVjcG6UYg 

Դավիթ Յակովլև

Դավիթ Յակովլև

2001-06-18 - 2020-10-26
Ծնվել է 2001թ. հունիսի 18-ին Երևանում։ 2019թ. ավարտել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլետը: