Վիտալի Իվանի Յակուբովը ծնվել է 1995 թվականի հուլիսի 19-ին Կոտայքի մարզի Արզնի գյուղում:
1997 թվականից, երբ Վիտալին երկու տարեկան էր, ընտանիքը վերաբնակվել է Բերձորում: Սովորել է Բերձորի թիվ 1 միջնակարգ դպրոցում:
2012-2014 թվականներին ծառայել է հայկական բանակում: Բնույթով հանգիստ ու բարի երիտասարդը երբեք անտարբեր չէր շուրջը կատարվող իրադարձությունների, հատկապես՝ հայրենիքին սպառնացող վտանգների նկատմամբ:
2016 թվականին ապրիլյան պատերազմին Վիտալին կամավորագրվել եւ մեկնել էր մասնակցելու պաշտպանական գործողությունների: Ցուցաբերած արիության և սխրանքների համար արժանացել է «Մարտական խաչ» շքանշանի:
Աշխատասեր ու հետաքրքրասեր անձնավորություն էր Վիտալին, հասկանում էր էլեկտրականությունից, մասնագիտությամբ խոհարար էր: Սիրում էր երաժշտություն, տիրապետում էր երաժշտական գործիքներից ակորդեոնի: Վիտալին ամուսնացած էր, ուներ դուստր, ընտանիքի հետ բնակություն էր հաստատել Աբովյան համայնքում։ Բազմաթիվ նախասիրություններ եւ ապագայի նախագծեր ուներ։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ իրեն հատուկ պատրաստակամությամբ ու հայրենասիրությամբ, Վիտալին կամավորագրվել եւ մեկնել է ռազմաճակատ: Մասնակցել է Ջրականի եւ Հադրութի մարտերին: Վիտալի Յակուբովը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին։ Վիտալին 44-օրյա պատերազմում զոհված ՀՀ ասորական համայնքի ինը նվիրյալներից է: Հանուն հայրենիքի մղած անձնվեր պայքարի համար Վիտալի Յակուբովը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: